1 Եւ Եզեկիան մարդ ուղարկեց բոլոր Իսրայէլին եւ Յուդային, եւ նամակներ էլ գրեց Եփրեմին եւ Մանասէին որ գան Երուսաղէմ Տիրոջ Էահուէի տունը Իսրայէլի Տէր Էահուէ Աստուծոյ համար զատիկ անելու համար։ 2 Եւ թագաւորը եւ նորա իշխանները եւ բոլոր ժողովքը խորհուրդ արին Երուսաղէմում որ զատիկը * երկրորդ ամսումն անեն։ 3* Որովհետեւ չէին կարող այն ժամանակին անել. Նորա համար որ բաւական քահանաներ չէին սրբուած, եւ ժողովուրդը չէր ժողովուած Երուսաղէմ։ 4 Եւ այս բանը հաճոյ երեւեցաւ թագաւորի աչքին եւ բոլոր ժողովքի աչքին։ 5 Եւ նորանք որոշեցին, որ լուր ուղարկեն բոլոր իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան, որ գան զատիկ անեն Իսրայէլի Տէր Էահուէ Աստուծուն Երուսաղէմում. Որովհետեւ շատուց չէին արել ինչպէս որ գրուած էր։
6 Եւ սուրհանդակները գնացին թագաւորի եւ իշխանների նամակներովը բոլոր Իսրայէլի եւ Յուդայի մէջ, եւ թագաւորի հրամանին համեմատ ասեցին. Ով Իսրայէլի որդիք, դարձէք Եհովային Էահուէին՝ * Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Տէր Էահուէ Աստուծուն, եւ նա էլ կդառնայ այն ազատուածներին, * որ մնացել էք Ասորեստանի թագաւորների ձեռքիցը։ 7 Եւ ձեր հայրերի եւ ձեր եղբայրների նման մի լինիք, որ իրանց հայրերի Տէր Էահուէ Աստուծոյ դէմ ապստամբուեցին. Որոնց նա մատնել է աւերման, ինչպէս որ դուք տեսնում էք։ 8 Արդ * մի խստացնէք ձեր պարանոցը ձեր հայրերի պէս. Տիրոջը Էահուէին ձեռք տուէք եւ եկէք նորա սրբարանը, որ սրբել է յաւիտեան, եւ ծառայեցէք ձեր Տէր Էահուէ Աստուծուն, եւ * նորա բորբոքած բարկութիւնը կդառնայ ձեզանից։ 9 Որովհետեւ եթէ դուք դառնաք Տիրոջը Էահուէին, ձեր եղբայրներն ու ձեր որդիքը * գթութիւն կգտնեն իրանց գերեվարների առաջին, եւ այս երկիրը կդառնան. Որովհետեւ ձեր Տէր Էահուէ Աստուածը * ողորմած եւ * գթած է, եւ ձեզանից իր երեսը չի դարձնիլ, * եթէ դառնաք նորան։
10 Եւ սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի եւ մանասէի երկրումը մինչեւ Զաբուղոն. Բայց նորանք * ծաղր էին անում նորանց վերայ եւ արհամարհում էին նորանց։ 11 Միայն * Ասերից, Մանասէից եւ Զաբուղոնից խոնարհուեցան ոմանք եւ եկան Երուսաղէմ։ 12 Յուդայի վերայ էլ էր Աստուծոյ * ձեռքը՝ նորանց միասիրտ անելու համար, որ թագաւորի եւ իշխանների պատուէրը Տիրոջ Էահուէի բանի մէջ կատարեն։
13 Եւ բազմաթիւ ժողովուրդ հաւաքուեցաւ Երուսաղէմ՝ երկրորդ ամսումը բաղարջակերաց տօնը կատարելու. Խիստ մեծ ժողովք էր։ 14 Եւ վեր կացան ու հեռացրին Երուսաղէմի միջի * սեղանները, եւ բոլոր խունկի սեղանները հեռացրին, եւ * գցեցին Կեդրոնի հեղեղատը։ 15 Եւ զատիկը մորթեցին երկրորդ ամսի տասնեւչորսին. Եւ քահանաներն ու Ղեւտացիներն ամաչեցին ու սրբուեցան եւ ողջակէզներ մատուցրին Տիրոջ Էահուէի տանը։ 16 Եւ կանգնեցին իրանց տեղը իրանց կարգին Աստուծոյ մարդ՝ մովսէսի օրէնքին համեմատ. Քահանաները սրսկում էին արիւնը Ղեւտացիների ձեռքից առնելով։ 17 Որովհետեւ շատերը կային ժողովքի մէջ, որ չէին սրբուած, նորա համար Ղեւտացիներն էին մորթում զատկի գառները * ամեն մի անմաքուրի համար, որ սրբեն Տիրոջ Էահուէի համար։ 18 Որովհետեւ ժողովրդից շատերը՝ Եփրեմից, Մանասէից, Իսաքարից եւ Զաբուղոնից եկողների շատերը չէին մաքրուել. Այլ զատիկը կերան գրուածին անհամաձայն. Բայց Եզեկիան աղօթք արաւ նորանց համար ասելով. Բարերար Տէրը Էահուէն ներէ այն ամենին 19* Որ իր սիրտը պատրաստեց իր հայրերի Աստուած՝ Տէր Էահուէ Աստուծուն խնդրելու, թէեւ չմաքրուած՝ սրբութիւնի մաքրութեան համեմատ։ 20 Եւ Տէրը Էահուէն լսեց Եզեկիային, եւ ժողովրդին ներեց։
21 Եւ Երուսաղէմումը գտնուող Իսրայէլի որդիքը կատարեցին * բաղարջակերաց տօնը եօթն օր մեծ ուրախութեամբ. Եւ օրհնում էին Տիրոջը Էահուէին Ղեւտացիներն ու քահանաները ամեն օր Տիրոջ Էահուէի զօրութիւնը փառաբանելու գործիքներով։ 22 Եւ Եզեկիա * քաղցրութեամբ խօսեց բոլոր Ղեւտացիների հետ, որ * գիտէին Տիրոջ Էահուէի բարի գիտութիւնը։ Եւ տօնին կերան եօթն օր խաղաղութեան զոհեր զոհելով, եւ * իրանց հայրերի Տէր Էահուէ Աստուծուն գովասանելով։ 23 Եւ բոլոր ժողովքը խորհուրդ արին, որ ուրիշ եօթն օր էլ տօն պահեն, եւ եօթն օր էլ ուրախութիւն արին։ 24 Որովհետեւ Յուդայի Եզեկիա թագաւորը ընծայեց ժողովքին * հազար զուարակ եւ եօթը հազար ոչխար, եւ իշխաններն ընծայեցին ժողովքին հազար զուարակ եւ տասը հազար ոչխար. Եւ շատ քահանաներ սրբուեցան։ 25 Եւ ուրախացան բոլոր Յուդայի ժողովքը, քահանաները, Ղեւտացիները եւ բոլոր ժողովքը, որ եկել էին Իսրայէլից, եւ Իսրայէլի երկրից եկող եւ Յուդայում բնակող պանդուխտները։ 26 Եւ Երուսաղէմումը մեծ ուրախութիւն կար. Որովհետեւ Իսրայէլի թագաւոր Դաւիթի որդի Սողոմոնի օրերից հետէ Երուսաղէմում սորա նմանը եղած չէր։
27 Եւ վեր կացան Ղեւտացի քահանաները եւ օրհնեցին ժողովուրդը, եւ նորանց ձայնը լսվում էր, եւ նորանց աղօթքը հասաւ երկինքը Նորա սուրբ բնակարանը։