Եսայիա 64

Փրկութեան համար աղօթք։

1 Ոհ թէ * ճեղքէիր երկինքը՝ վայր իջնէիր. * քո առաջը սարերը պիտի հալուէին՝ 2 Ինչպէս կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՝ կրակով. Որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։ 3 Երբոր * դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։ 4 Եւ * յաւիտենից ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին։ 5 Դու հասնում ես ուրախ եղողին եւ * արդարութիւն անողին, որ յիշում են քեզ * քո ճանապարհներումը. Ահա դու բարկացար, եւ մենք յանցաւոր էինք. * յաւէտ դորանցում ենք գտնվում. Մի՞թէ մենք կփրկուինք։ 6 Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ * դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս * թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ։ 7 Եւ * քո անունը կանչող չկայ, մէկ զարթնող՝ որ քեզանով զօրանար. Որովհետեւ դու ծածկել ես քո երեսը մեզանից, եւ մեզ մաշեցնում ես մեր անօրէնութիւնների միջոցովը։ 8* Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. * մենք կաւն ենք, եւ * դու՝ մեր բրուտը, եւ * քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։ 9 Խիստ * մի բարկանար, ով Տէր, եւ մի յաւիտեան յիշիր անօրէնութիւնը, ահա նայիր մէկ, * ամենքս քո ժողովուրդն ենք։ 10 Քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիօնը անապատ է դառել, * Երուսաղէմը՝ աւերակ։ 11* Մեր սրբութեան եւ մեր փառաց տունը, որի մէջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել. Եւ * մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել։ 12* Այս բաների վերայ պիտի զսպե՞ս քեզ, * ով Տէր, պիտի լռե՞ս եւ մեզ անչափ նեղե՞ս։